Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



«ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ»

    Վաղո՜ւց, երբ մոտ էր երկրին երկինքը,
Ու լըսում էր դեռ մարդկանց Տերն–Ինքը,
Էն լավ ժամանակ երկու մանուկներ
Ունեին մի չար, մի անսիրտ խորթ մեր։
5 — Կորե՛ք, գընացեք, աշխատանք արեք,
Աշխատանք արեք ու եկեք կերեք.
Ի՞նչ եք վեր թափել անգործ ու անբան,
Հասած տըղերք եք հինգ–վեց տարեկան…
    Էսպես բարկացավ մի օր խորթ մերը,
10 Ճիպոտներ տըվավ, ղըրկեց հորթերը։
Անհանգիստ հորթե՜ր, ամառվան շոգ օր.
Կետ արին, փախան, ընկան սար ու ձոր։
Նըրանց ետևից՝ լալով, հևալով,
Փոքրիկ որբերը՝ քարեքար գալով
15 Վազ էին տալիս անտառի միջում,
Վազ էին տալիս ու իրար կանչում.
     — Պողո՛ս, գըտա՜ր։
     — Չէ՜ է՜։
     — Պետրո՛ս, գըտա՜ր։
20 — Չէ՜ է՜։
     — Վա՛յ–վա՜յ, վո՛ւյ–վո՜ւյ
     — Վա՛յ–վա՜յ, վո՛ւյ–վո՜ւյ…
    Շատ որ ման եկան՝ խեղճերն հոգնեցին,
Եկան՝ խորթ մորը լալով պատմեցին.

112