Տըխուր աղջիկն արքայի 135
Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը, 140
Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք: 145
Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:
* * *
Ասում են, էն թիթեռները, 150
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար, 155
Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝ 160
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա: