Տեսան տեղից ժաժ չի գալի,
Խըռըմփում է զարհուրելի,
Խըռըմփոցից, ինչ-որ խոսում,
Մարդիկ իրար ձեն չեն լըսում: 95
Մոտ գընացին, էլի՜, էլի՜…
Դարձյալ տեղից ժաժ չի գալի:
Կամաց-կամաց սիրտ առնելով,
Գոռգոռալով, հարայ տալով,
Դուրս թափվեցին թաքուստներից, 100
Ելան վըրեն, դեսից, դենից,
Որը ոտին,
Որը քըթին,
Որը լանջին,
Որն ականջին, 105
Փորի վըրա, միրքի միջում,
Ձի են քըշում, նիզակ ճոճում,
Զարկում, զարկում,
Ձըգում, թըքում,
Հայհոյում են էսպես, էնպես…
110
Մին էլ հըսկան էն սարի պես
Վըրա նստեց—մե՜ծ, ահարկու.
Ինչ պատահեց—ոչ տեսնես դու:
Հազարներով մարդն ու իր ձին
Տակովն եղան, կոտորվեցին. 115
Որն էլ գըլխից, քըթից, լանջից,
Կամ ուսերից, կամ ականջից
Ներքև ընկավ՝ թե մարդ, թե ձի,
Նըրա օրն էլ դու իմացի:
Շատ զարմացավ հըրեշ հըսկան, 120
Թե, տեր աստված, արդյոք էսքան
Մանըր-մունըր ինչ բաներ են,
Որ եկել են թափվել վըրեն:
Տեսավ, ինչ որ կենդանի կան՝