Ու բաց արավ նըրա վըրա
Ըռեխն, ինչպես մի մաղարա։
— Կա՛ց, ըսպասի՛ր, ո՛վ ծաղկակոխ,
Մարդավարի լըսենք մի թող. 185
Ի՞նչ ես ասում, ներողություն,
Չեմ հասկանում… ո՞վ է Կըկուն…
Ես նոր մարդ եմ, էստեղ ոչում
Էդ անունով չեմ ճանաչում…
— Չե՞ս ճանաչում, դո՛ւ խաբեբա՛, 190
Էդ ո՞ւմ մոտ ես վազում հապա
Էսպես մենակ
Անժամանակ…
— Ա՛յ անկարգ հա՜րց, քեզ ի՞նչ՝ ում մոտ…
Սակայն, թեև մենք անծանոթ, 195
Թաքցընելու բան չունեմ ես,
Իսկույն ևեթ պատմեմ ու տես։
Էստեղ մոտիկ կա մի ծըմակ,
Էն ծըմակում մի գեր դըմակ
Ունեմ ծածկած, 200
Բայց անիծած
Մի բնություն ունեմ էսպես՝
Երբ որ մենակ ես եմ լինում,
Կոկորդիցըս կուլ չի գընում.
Ուզում էի ընկեր գըտնեմ, 205
Եվ հանկարծ դու ելար իմ դեմ։
Եթե կըգաս, աչքիս վըրա,
Արի՛ գընանք՝ անուշ արա
Գեր դըմակը՝ ինչքան կուզես,
Թե չէ էսպես… 210
Ի՜նչ կարգ է սա,
Ի՜նչ բարք է սա,
Անմեղ մարդու
Բըռնել, թե՝ դու…
Գեր դըմակը որ չըլսեց՝ 215
Գիլի բերնի ջուրը վազեց։