Ինչպես ուրիշ ժանրերի, այնպես Էլ բալլադի բնագավառում Թումանյանն ուներ անհամար մտահղացումներ ու ծրագրեր, որոնք առհասարակ մնացին անհայտության մեջ։ Ազգային ժողովրդական ավանդությունների և լեգենդների համապարփակ իմացությունը պետք Է հիմք ծառայեր շատ տասնյակ բալլադների ստեղծման, որի համար Թումանյանն ըստ ամենայնի պատրաստ Էր։ 1923 թվականի փետրվարի 6-ին նա ասել Է. «Հիմա որ լավացա, Էլ ոչ ոք չի պոկի ինձ իմ գրասեղանից։ Գարունքի հետ հենց որ աչքերս բացվեն ինչեր եմ թափելու, ինչեր եմ թափելու հեքիաթների, լեգենդների հեղեղ…» (Նվարդ Թումանյան, Էջ 310)։ Դրանից մի քանի շաբաթ անց վրա հասած մահը ողբերգական վերջակետ դրեց բանաստեղծի այդ մեծ երազանքին։
Ամփոփելով շարադրվածը, կարելի Է ասել, որ բալլադը Թումանյանի ստեղծագործության առաջատար և կենտրոնաձիգ ժանրային ձևերից մեկն Է։ Նրա ամբողջ գրական ճանապարհի միջով անցնող ու հարատևող հետաքրքրությունը ժողովրդական ավանդությունների նկատմամբ նշանավորվեց բազմաթիվ անզուգական երկերի ստեղծումով, որոնք պատկանում են հայ գրականության չխամրող արժեքների թվին։ Թումանյանի լավագույն բալլադները այդ ժանրի դասական նմուշներից են ոչ միայն ազգային, այլև համաշխարհային գրական չափանիշներով։