Թումանյանի չափածո թարգմանությունները նրա երկերի ներկա հրատարակության մեջ բաժանվում և տեղագրվում են ժանրային սկզբունքով, բանաստեղծությունները, բալլադներն ու մանկական ոտանավորները զետեղվում են 2֊րդ հատորում, իսկ էպիկական երկերի ամբողջական կամ հատվածային թարգմանությունները (Բայրոնի, Ժուկովսկու, Լերմոնտովի, Լոնգֆելլոյի պոեմները, ռուսական և սերբական վիպերգերը, Ռուսթավելու պոեմի հատվածների գրական մշակումը և այլն) տեղ կգտնեն 4-րդ հատորում։
Ավելի մեծ է թարգմանությունների և փոխադրությունների տեսակարար կշիռը Թումանյանի գեղարվեստական արձակում, դրանք կազմում են գրողի կենդանության ժամանակ տպագրված արձակ գործերի ծավալի մոտ կեսը։ Թումանյանը թարգմանել է մի քանի փոքր պատմվածք ռուս և եվրոպացի հեղինակներից, բայց արձակ թարգմանությունների հիմնական զանգվածը կազմում են տարբեր ժողովուրդների հեքիաթները։ Նա հայերենի է վերածել Գրիմ եղբայրների մշակած գերմանական հեքիաթների մի մասը (ընդամենը ինը), որոնք 1914—15 թթ. տպագրվեցին երեք առանձին պրակով։ Սկսած 1909 թվականից նա թարգմանել ու փոխադրել է նաև մեկ տասնյակից ավելի ուրիշ ժողովրդական հեքիաթներ, որոնց թվում կան ռուսական, իտալական, իռլանդական, հնդկական, ճապոնական, արաբական պատումներ։ Հիշյալ բոլոր նյութերը, ինչպես նաև արձակ թարգմանական անավարտ ու սևագիր էջերը, կմտնեն սույն հրատարակության 5-րդ հատորի մեջ։
Թեև թարգմանական աշխատանքը ժամանակագրական առումով Թումանյանին զբաղեցրել է նրա գրական կյանքի բոլոր փուլերում, սակայն եղել են տարիներ, երբ դրան ավելի շատ ուժ և ժամանակ է հատկացվել։ Այդ իմաստով առանձնանում են, օրինակ, 1890-ական թթ. կեսերը, երբ, հրապուրված դասական ռոմանտիզմի գաղափարներով ու գեղարվեստական սկզբունքներով, Թումանյանը թարգմանեց և միաժամանակ 1896 թ. առանձին գրքույկներով հրատարակեց Բայրոնի «Շիլիոնի կալանավորը» և Լերմոնտովի «Մծիրի» պոեմները։ Թարգմանական ակտիվ աշխատանքի շրջան են եղել նաև 1910-ական թվականները, երբ, բացի հիշյալ հեքիաթներից, բանաստեղծը թարգմանում է նաև մանկական ընթերցանության համար նախատեսված ուրիշ չափածո և արձակ էջեր, սերբական էպոսի մի քանի հատված։ Սակայն ասվածն ամենևին չի ստվերում ստեղծագործական կյանքի մյուս փուլերում կատարած թարգմանական աշխատանքի կարևորությունը։ Բավական է ասել, որ նշված երկու շրջանների միջև ընկած տարիներին են վերաբերում Թումանյանի թարգմանական վաստակի թագն ու պսակը կազմող այնպիսի փայլուն էջեր, ինչպես Ա. Ս. Պուշկինի «Օլեգի երգը», «Ջրահեղձը», «Ձմեռվա իրիկունը», ինչպես նաև Հ. Լոնգֆելլոյի «Հայավաթի երգի» հատվածները, ռուսական բիլինան և այլն։