Տպագրվում է ԲՊ-ից։
Հայտնի է Թումանյանի հատուկ սերը Պուշկինի պոեզիայի և հատկապես „Зимний вечер“ ստեղծագործության նկատմամբ, որ նա համարում էր «գոհար ռուս գրականության մեջ»։ «․․․ Պուշկինը մեծ բանաստեղծ է,-ասել է նա,-խոշոր, հոյակապ բանաստեղծ․ նուրբ հոտառություն ունի և գեղեցիկ ճաշակ։ Սիրում եմ կարդալ նրա պոեմները - „Полтова“, „Кавказский пленник“, „Цыгане“ և մյուսները, բայց նրա գրվածքներից գիտե՞ք որն եմ ամենից շատ սիրում, իսկի չեք կարող երևակայել․-„Зимний вечер“-ը։ Սիրում եմ էդ բանը, որովհետև գերազանցորեն ռուսական է, շատ է սիրուն ու հաջող» (տե՛ս Ն․ Թումանյան, էջ 137)։
1912 թ․ Թումանյանը Պետերբուրգում ծանոթացել է ռուս բանաստեղծ Կորոլենկոյի հետ։ Վերջինս հարցրել է բանաստեղծին, թե Պուշկինի գրվածքներից ո՞րն է նրա վրա ուժեղ տպավորություն գործել։ Այս առիթով Թումանյանը պատմել է․ «Նա երևի կարծում էր՝ ես Պուշկինի խոշոր գործերից մեկի անունը կտամ։ Երբ որ ասի „Зимний вечер“»-ը՝ շատ զարմացավ․ ձեռնափայտը խփեց գետնին և ասաց․ «Գիտե՞ք, Դուք իրավացի եք․․․» (նույն տեղում, էջ 137)։
«ԱՄԲՈՂՋ ԳԻՇԵՐԸ ԽՈՍԵՑ ԱՆԴԱԴԱՐ»
(էջ 266, 468)
Ռուս բանաստեղծ Կորսակի „В кусте ароматной сирени“ (1889) բանաստեղծության թարգմանությունն է, կատարված 1909 թ․ փետրվարի 1-ին, Մետեխի բանտում։
„Русская мысль“ 1899 թ․ № 8-ում տպագրված են Կորսակի մի քանի բանաստեղծությունները, դրանց մեջ նաև այս մեկը։ Հավանորեն Թումանյանը թարգմանել է այդ աղբյուրից։
ԳԱԹ Թֆ № 179 պահվում է ինքնագիրը «Ձմեռվա իրիկունը» բանաստեղծության հետ միասին, նույն թերթիկի վրա՝ «Կորսակից» վերնագրով և Աշխենի ձեռքով արված «Հայրիկը բանտումն էր» նշումով․ թերթիկը թվագրված է՝ «փետր․ 1, 909»։
Առաջին անգամ տպագրվել է 1912․, Ս․ Պետերբուրգում, որպես Ռոմանոս Մելիքյանի «Անջատում» ռոմանսի դրական բնագիր, այնուհետև՝ ԵԺԼ, 568:
Տպագրվում է ինքնագրից։
«ՄԻ ԵՐԳ ԿԱ ՄԱՆԿՈՒՑ, ՄԻ ԵՐԳ ԿԱ ՄԱՆԿՈՒՑ»
(էջ 267, 468)
Գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Ռյուկերտի (1788-1865) Aus der Jugendzell (Պատանեկան տարիներից) բանաստեղծության