Նըրա մոր ողբը… խունկի ծըխի տակ
Աչքովըս ընկավ դագաղը ճերմակ,
Ու շուրջըս մըթնեց։ Տեղըս կորցըրի…
Մարդից, արևից, աշխարքից հեռի,
Մի անտակ ձորում, սև՜ ու խոր ջըրում 90
Տարվում էի ես, խեղդվում, չարչարվում.
Բարձր էին ափերն, ողորկ ու դըժար,
Մի թուփ չըկար գեթ բռնելու համար,
Չըկար կենդանի ձե՜ն, ըստվե՜ր, նըշա՜ն,
Որ կարենայի կանչել օգնության…
V
Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, զըվաըթ քըրքիջով
Մի ծիծաղ անցավ փողոցի միջով։
Ես ուշքի եկա, աչքըս բաց արի,
Տեսա աշխարքը ու լույսն արևի,
Տեսա՝ նըստոտած մարդիկ շրշընջում, 100
Անտարբեր թեքված՝ իրար ականջում
Խոսում են ուրիշ բաների վըրա,
Ու ոմանք ժըպտո՜ւմ, ժըպտում աշկարա…
Իսկ կողքիս նըստած ալևոր մի մարդ
Խրատում էր ինձ միալար, հանդարտ.
— Մի՛ լար, սիրելի՛ս, երեխա չես դու,
Ինչքան էլ որ լաս — իզուր ես լալու.
Քո ձենը երբեք էլ չի լըսիլ նա,
Ոչ կըհասկանա, ոչ էլ ետ կըգա։
Էսպես կամեցավ աստված, երևի, 110
Որ նըրա օրր շուտով խավարի…
Մենք հողեղեններս՝ անճար ու չընչին,
Ի՜նչ ենք աստուծո կամքի առաջին…
Բաց է էս ճամփեն ամենքիս համար.
Ծեր, երիտասարդ, մեղավոր, արդար,—
Ամե՜նք, ամենքը, էստեղ ինչ որ կան,
Էսօր թե էգուց ամենքը կերթան.