Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

IV



Սև-սև ամպեր են գալիս հավաքվում.
50 Մթնում է երկինքն ու փայլատակում,
Սառած սասանած երկիրր վախից
Ուզում է, կարծես, փախչել յուր տեղից,
Եվ թանձր անտառը, սաստիկ հողմակոծ,
Երբ ֆշշացնում է ինչպես մի սև օձ,
Թեքվում է, տնքում ծառը հաստարմատ,
Ամբողջ ծմակը հեծծում հուսահատ։
Գոռում են ամպերն մթնած երկնքից,
Գետինը դողում, շարժվում է հիմքից.
Ապա երկինքը պատառված, կարծես,
60 Հեղեղ է թափում կժով ջրի պես,
Հեղե՜ղ, որ պետք է քո աչքով տեսնես,
Շիթերից բռնես, երկինքը հասնես։-
Սաքոն ոչխարը ծմակն է քաշում,
Մի տերևախիտ ծառի տակ կանգնում,
Եվ հետևում է հանգիստ հայացքով
Թխպոտ ամպերին, որ համր ընթացքով
Գնում են դես-դեն, խառնվում, կուտակվում,
Սև ծոցի միջից շանթեր արձակում.
Կամ դաշտի միջին, քարի կողք մտած,
70 Հին հրացանը, մահակը խտըտած
Ու գլխին քաշած մաշված յափնջին
Անխռով լսում է. նրա ականջին
Խլաձայն հասնում են որոտն ամպերի,
Կայծակի ճայթյունն, վշշոցն անձրևի…
Ազատ է, ազատ բնության որդին.
Միահավասար մոտ են նրա սրտին
Բնության բոլոր տեսք ու ձայները.-
Թե ականակիր մթնագիշերը,
Թե խաղաղ, շքեղ գարնան առավոտ,
80 Աղբյուրի խոխոջ, կայծակի որոտ…
Ա՜խ, մարդու լեզուն տկար է, տկար,
Բնության տեսքը պատմելու համար.