Էն տախտի վըրա աղոթում մի վանք։
Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման, 30
Նայում է ձորին մի հին խաչարձան։
II
Էն ձորի միջին ահա մի տընակ։
Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ։
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Սատանի նման՝ նա էլ էս գիշեր
Գընացել է տուն։ Սարերի չոբա՜ն―
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,
Ով գիտի՝ պարկում շընալի՞ր չըկար,
Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձըվածե՞ղ ուտել, 40
Թե՞ նըշանածին շատ էր կարոտել―
Ոչխարը թողել՝ գնացել է տուն։
Այնինչ՝ համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քշեց իր հոտը։
Ու Սաքոն անքուն,
Թաց տըրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վըրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն- մենակ թըթվել։
III
Թեկուզ և մենակ լինի փարախում, 50
Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։