Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ,
Աչքերի առջև մըլարը պատեց,
Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք,
Ու մինչդեռ Մոսին ընկերախաղի,
Կատակի տալով, թողած էր իրեն,
Ուժ արավ Սարոն, ծընկից կատաղի,
Գետնեց ընկերին ու չոքեց վըրեն։
Ամբոխը թափվեց հարա-հըրոցով,
Վեր թըռցրեց երկու փահլևաններին,
380 Եվ ուրախության աղմուկ-գոռոցով
Հաղթողին փեսի թախտի մոտ բերին։
Ցընծության ձայնից, ծափերի զարկից
Շարժվում են, դողում պատեր ու օճորք,
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջըկերք։

III


XVII


Վեր կացավ Մոսին, իրեն կըտրատում,
-Թող գա,-գոռում է,-որ բըռնենք նորից,
Թե չէ նամարդը, արևս եմ երդվում,
Էլ չի պըրծնելու երբեք իմ ձեռից։
390 Վեր չի գըցել ինձ... ինձ խաբել է նա...
Մեյդան բաց արեք, թող մին էլ մեջ գա...
Ու ամեն կողմից զըվարթ հըրհըռում,
Թունալի ծաղրով կանչում են, գոռում,

-Չէլա՜վ, էս չէլավ,
Վեր չի գըցել դեռ.
Մոսին թոլ էլավ,
Խոզապարկուկ էր...
Հա՛, հա՛, հա՛ տըղերք,
Շատ էլ լավ կանի,
400 Մեջքը թափ տըվեք,
Թող մին էլ բըռնի։