Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ ես հնազանդ նրա սուրբ կամքին,
Կըգնամ, հոգի՛ս, աշխատանք կանեմ,
Գուցե շուտով գամ ու քեզ էլ տանեմ․․․
   ― Այստեղ աշխատի՛ր, մի՛ գնալ, Մհե,
30 Ինձնից հեռանալ չեմ թողուլ, չէ՛, չէ՛,
Լավ է միասին մեր ցավը քաշենք,
Քան իրար կարոտ, սիրտներս մաշենք․․․
   ― Սիրելի Մեհրի, ինձ հետ հավասար
Դուն քարշ ես եկել, ընկել քարեքար,
Միշտ պակաս օրով, կիսակուշտ փորով,
Շատ անգամ տկլոր, բոբիկ ոտներով։
Ի՞նչ ենք աշխատել, ցո՛ւյց տուր ինձ, հոգիս,
Ի՞նչ, ի՞նչ ես տեսնում տանս կամ հագիս.
Բայց ուրիշ բան է, թե այնտեղ գնամ,
40 Տես ինչպես պիտի շուտ հարստանամ։
   ― Այն հարստությունն ես ի՞նչ եմ անում
Ա՜խ, Մհե, Մհե, դուն չես իմանում,
Ինչ է ինձ տանջում, թե որ իմանաս․․․
Այն օտար երկրում որ հիվանդանաս,
Գոնե, ո՞վ պիտի քեզ սառը ջուր տա,
Պատռածդ կարի, կեղտդ լվանա․․․
Ազիզ օր կըգա, դուն անտուն, մենակ,
Կուչ կըգաս սրա-նրա պատի տակ․․․
Լցվեց, հեկեկաց Մեհրին դառնագին.
50 Սիրտ տվեց Մհեն.― «Բան չըկա, ա՛յ կին»․․․

II

   Մի աշնանային ցուրտ իրիկուն է.
Ծխոտ ու փլեկ հին գլխատուն է.
Ածխակոթերը մլում են տխուր.
Օջախի շուրջը նստոտած են լուռ.
Ծեր սկեսար կողքին հարսն է կուչ եկած,
Մհեն նստած է երկուսի դիմաց։
Հազիվ էր նկատվում նրանց դեմքերը.

38