Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


որոնք են ժողովրդական տարրը... և վիպական արտաքին ձևը» («Մուրճ», 1891, № 1, էջ 95-96)։ Մի քանի տարի անց այդ կարծիքն ընդհանրացրեց և զարգացրեց Մինաս Բերբերյանը։ Նշելով, որ Թումանյանի «իսկական կոչումը էպոսն է», և որ «իբրև էպիկական տաղանդի տեր բանաստեղծ, նա գրեթե եզակի երևույթ է հայ գրականության մեջ», քննադատն ավելացնում էր, որ եթե նրան հաջողվի վերացնել իր գործերի գեղարվեստական թերությունները, ապա «Թումանյանն իր պոեմներով իրավամբ կարող է աչքի ընկնող տեղ գրավել հայ բանաստեղծների շարքում (Братская помощь армянам, 2-е изд., М., 1898, с. 587-589).

Հետագա տարիներին այս գնահատականները կրկնվել են բազմիցս և բազմազան տարբերակներով։ Բայց բավարարվենք միայն մի երկու օրինակով։ Դարասկզբին Ավ. Ահարոնյանը «Մուրճ» ամսագրի էջերից ազդարարեց. «Եթե պ. Թումանյան ուրիշ ոչինչ գրած չլիներ, բացի իր պոեմաները, նա դարձյալ իրավունք կունենար հայ աչքի ընկնող բանաստեղծների կողքին պատվավոր տեղ բռնել» («Մուրճ», 1904, № 1, էջ 174-175)։ Իսկ Հ. Օշականը, մի քննադատ, որը և՛ Հ. Թումանյանի, և՛ ընդհանրապես արևելահայ բանաստեղծության նկատմամբ առանձին բարեհաճությամբ աչքի չի ընկել, 1921 թ. Հովհ. Թումանյանի մասին գրած հոդվածաշարում հատուկ նշում էր, որ պոեմի ժանրը «նոր ժամանակներու ամենեն դժվարին և նույն ատեն ամենեն հրապուրիչ ձևն է բանաստեղծության» և ավելացնում էր. «Թումանյանի ամենեն անկեղծ արտահայտությունները իր պոեմաներն են...» («Ճակատամարտ», Կ. Պոլիս, 1 դեկտեմբերի 1921 թ.)։

Կարելի է վստահորեն ասել, որ արդեն Թումանյանի կենդանության ժամանակ լիովին արդարացավ նրա մտերիմ ընկերոջ՝ Ավ. Իսահակյանի կանխատեսումը, որը դեռ 1902 թ. մի նամակում ասում էր. «Բայց ինչ էլ որ լինին քո պոեմներդ՝ մեր գրականության մեջ դարաշրջան են կազմելու» (Ավ. Իսահակյան. Երկերի ժողովածու, հ. 6, 1979, էջ 41)։ Այդ ճշմարտությունը առավել ևս խոր գիտակցվեց ժամանակի ընթացքում, հայ բանաստեղծության, մասնավորապես պոեմի ժանրի պատմական ուղու ըմբռնման ընթացքում։ Հայտնի է, որ հայ պոեմը ավելի քան հազարամյա պատմություն ունի և առաջադրել է այնպիսի խոշորագույն անուններ, ինչպես միջնադարում Գրիգոր Նարեկացին և Ներսես Շնորհալին, իսկ XIX—XX դարերում՝ Ա. Բագրատունին, Ղ. Ալիշանը, Ռ. Պատկանյանը, Ավ. Իսահակյանը, Դ. Վարուժանը, Ե. Չարենցը։ Բայց առանց տատանվելու կարելի է ասել, որ Թումանյանն է հայ պոեմի խոշորագույն վարպետը, նրա անվան հետ է կապված այդ ժանրի պատմության ամենավառ, հարուստ և բազմազան գլուխը։ Դրա վկայությունն են «Անուշն» ու «Թմկաբերդի առումը», «Սասունցի Դավիթն» ու «Լոռեցի Սաքոն», «Պոետն ու Մուսան» և «Դեպի Անհունը», նույնիսկ անավարտ վիճակում մեղ հասած «Հառաչանքը», «Հին կռիվը» «Հազարան բըլբուլը»։

Պոեմի ժանրը Թումանյանին զբաղեցրել է ստեղծագործական կյանքի բոլոր փուլերում, բայց տարբեր չափով և տարբեր ձևերով։ Այլ կերպ