Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


միայն կատարված բավական մեծ կրճատումներով (548 տողի փոխարեն՝ 382 տող) և որոշ ոճական շտկումներով, իսկ կառուցվածքի և գաղափարական բովանդակության որևէ էական փոփոխություն կա։ Ասվածի հիման վրա «Պոետն ու Մուսան» ներկա հրատարակության մեջ դիտվում է իբրև 1900-1901 թթ. ստեղծագործություն։

«Հին կռիվը» պոեմի երկու պահպանված մասերը Թումանյանը զետեղել է իր երկու գրքերում («Հայրենիքիս հետ», 1916 և «Բանաստեղծություններ», 1922) և երկու դեպքում էլ առանց որևէ թվագրության։ Դրանից առաջ այդ մասերից մեկը («Երկրում») առանց նախերգանքի տպագրվել էր «Բանաստեղծությունների» 1908 թ. ժողովածուի մեջ՝ դարձյալ չնշելով թվականը։ Ե՛վ այս, և՛ մյուս փաստերը որևէ հիմք չեն տալիս «Հին կռիվը» համարելու 1890 թ. ստեղծագործություն, ինչպես արվել է որոշ դեպքերում։ Ճիշտ է, պոեմի նախնական տարբերակը Թումանյանն սկսել է գրել այդ թվականին, սակայն, ինչպես երևում է այդ տարբերակի պահպանված մի քանի հատվածներից («Տարոնի գարունը», «Տարոնի առավոտը», «Գիշեր»), այն ժամանակ երկը ոճական և կառուցվածքային բոլորովին ուրիշ բնույթ է ունեցել։ «Հին կռիվը» («Լևոնի կռիվը») պոեմի գրությունը, էապես նոր և շատ ավելի լայն ծրագրով, Թումանյանը ձեռնարկեց 1902 թ.։ Դա այն «ազգային մեծ պոեման» էր, որի մասին նա խոսում է 1902 թ. ամռանը Փ. Վարդազարյանին գրած նամակներում (ԵժV, 202—205)։ Բայց այդ ժամանակ պոեմը, որը բաղկացած էր լինելու հինգ մեծ մասերից, ըստ երևույթին, չի ավարտվել (օգոստոսի 6-ին բանաստեղծն իր այդ երկի մասին հայտնում էր. «ծալում հետաձգում եմ»), և աշխատանքը շարունակվել է նաև հաջորդ տարիներին, հավանաբար մինչև 1906 թվականը։ Այս եզրակացության համար հիմք է տալիս այն փաստը, որ միայն այդ ժամանակ մամուլում հրապարակվեցին պոեմի առանձին հատվածներ. 1906 թ. վերջին՝ երկրորդ մասի նախերգանքը («Հայոց լեռներում» բանաստեղծությունը), իսկ 1907 թ. սկզբին՝ երրորդ մասը («Երկրում»)։ Մի փոքր անց պոեմի ամբողջական ձեռագիրը կորավ ժանդարմական վարչության տարած շատ ուրիշ թղթերի հետ։

Ելնելով այս փաստերից, նպատակահարմար է «Հին կռիվը» պոեմի գրության ժամանակը նշել 1902—1906 թվականներով։

Ինչ վերաբերում է «Թմկաբերդի առումը» պոեմին, ապա հայտնի է, որ 1901 թ. ծագած նրա մտահղացումը իրականացավ մեկ տարի անց 1902 թ. «Աբասթումանի աշնանը»։ Բայց Մարիամ Թումանյանի վկայությունից հայտնի է նաև, որ այդ ժամանակ հեղինակը կտրուկ կերպով մերժել է պոեմը «Բանաստեղծությունների» 1903 թ. հրատարակության մեջ մտցնելու առաջարկը։ Պատճառը, անշուշտ, եղել է այն, որ Թումանյանը պոեմի վրա իր աշխատանքը դեռ ավարտված չի համարել։ Թեև համապատասխան ձեռագիր տվյալներ մեզ չեն հասել, բայց, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարիներին՝ մինչև «Մուրճ» ամսագրում հրապարակելը (1905 թ. հունվար), Թումանյանը ինչ-որ չափով շարունակել է աշխատել