և կշիռ ունեն։ Նկատի ունենալով այդ տարբերակները, կարելի է ասել, որ մեզ հասել է Թումանյանի ոչ թե 13, այլ մոտ երկու տասնյակ պոեմ, որոնցից ամեն մեկն իր անփոխարինելի տեղն ունի նրա ստեղծագործության տարեգրության մեջ։
Բոլոր առումներով ամենից ծանրակշիռն ու պերճախոսը «Անուշ» պոեմի ստեղծագործական պատմության բազմազան նյութերն են։ Նրա առաջին և վերջին ամբողջական տարբերակների համադրությունը (որոնց միջև բազմաթիվ միջանկյալ աստիճաններ կան) առավել ցայտունությամբ ներկայացնում է Թումանյանի ստեղծագործական մեթոդի և վարպետության հսկայական զարգացումը մեկ տասնամյակի ընթացքում։ Այդ պոեմին Վ. Բրյուսովի տված բնութագրումներից մեկը — «համապարփակ «Անուշ» — կարելի է կիրառել նաև նրա մշակման ընթացքի հետ կապված բազմազան նյութերի նկատմամբ, որոնք անսպառ աղբյուր են Թումանյանի ստեղծագործական ուղին և գեղարվեստական մտածողության յուրահատկությունը պատկերացնելու համար։
Հարցի ուսումնասիրությունն առավել ևս իմաստալի է դառնում այն պատճառով, որ «Անուշի» վերջնական խմբագրության մեջ կենսական նյութի և սյուժեի առումով կարծես թե ոչինչ չի փոխվել. «ադաթի» հողի վրա ծագող նույն կոնֆլիկտը և հերոսների ողբերգական վախճանը, որ կար նաև առաջին տարբերակում։ Սակայն, այդ ընդհանրությամբ հանդերձ, մենք փաստորեն գործ ունենք ոչ միայն ստեղծագործության երկու տարբեր որակի, այլև պոեմի երկու տարբեր տիպերի, ռեալիզմի էապես տարբեր ըմբռնումների հետ։ Արդեն «Անուշի» առաջին տարբերակը ժամանակակից կյանքի ռեալիստական ընկալման և արտացոլման արտահայտություն էր։ Բայց Թումանյանն այստեղ շատ կողմերով հետևում էր դասական ռոմանտիկական պոեմի սկզբունքներին։ Դրա արտահայտությունն էին խոշոր չափերի հասնող քնարական դատողությունները հայրենիքի անցյալի և ներկայի, նահապետական աշխարհում մարդու ճակատագրի մասին, որոնք ոչ մի անմիջական կապ չունեին բուն սյուժեի և կերպարների հետ։ Այդ հանգամանքը և ընդհանրապես հեղինակի ակտիվ միջամտությունը շարադրանքի մեջ խիստ սուբյեկտիվ երանգ էր տալիս պոեմին, կարծեք տեղ չէր թողնում հերոսների ներաշխարհի բացահայտման, նրանց անկաշկանդ «ինքնազարգացման» համար, որը ռեալիստական մեթոդի կարևորագույն գծերից մեկն է։
Մեկ տասնամյակ անց հիմնովին վերամշակելով պոեմը, ավելի ճիշտ՝ նորից գրելով այն, բանաստեղծն իր անհատականությունը մի տեսակ «ետ քաշեց»՝ առաջին պլան մղելով դեպքերի ընթացքի, հերոսների հույզերի և մտորումների, նրանց արարքների կենսական և հոգեբանական ազդակների ցուցադրումը։ «Անուշի» վերջնական տարբերակի մեջ էլ Թումանյանը մնում է ամուր կապված իրական կյանքի հետ, ամենայն հավատարմությամբ է պատկերում նույնիսկ գյուղական կենցաղի մանրամասները։ Բայց նրա ռեալիզմն արդեն վճռականորեն վեր է բարձրանում ինքնաբավ կենցաղագրությունից: