Արդեն չորացած երկայն մատներով
Յուր սև համրիչի հատերն է քաշում,
Եվ խաղաղությամբ, դրախտի հուսով
Կյանքի մնացած ժամերը հաշվում։
Մահի հարվածից նա չի սարսափում,
Եվ բան չի խլում մահը նրանից,―
Երկրի հետ նրան ոչինչ չի կապում,
Ողջ սպասում է նա գերեզմանից։
VII
Փոքրիկ դռնակը բացվեցավ. 160
Մի մեռելատիպ, բայց երիտասարդ,
Աչքերը վառված սևաշոր մտավ.
Եվ հարցրեց նրան ծերուկը հանդարտ.―
Ծեր վանահայրը
Ի՞նչ ունես, որդյակ։
Երիտասարդ աբեղան
Հայրիկ, ներիր ինձ,
Այսպես տարաժամ որ քեզ մոտ եկա․
Սիրտս ուզում է դուրս թռչել տեղից…
Այլևս համբերել չըկարողացա…
Վանահայրը
Համբերություն տա թող բարձրյալը քեզ.
Բայց ինչու՞ համար հուզված ես այդպես։
Աբեղան
170
Ինձ ասա՛, հայր սուրբ, գաղտնիքը կենաց
Արդյոք օրենք է աստծուց սահմանա՞ծ…