Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել. 90
— Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի՜նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր․․․
Հո՜ղեմ գըլուխը․․․ ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ․․․
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի․․․
Ու հետն սկըսավ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թե անբախտ եղավ աշխարքի միջում, 100
Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում․․․
Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած։
VI
Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման․
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր․․․»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր 110
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր․
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից—
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ․․․
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝ 120
Գալիս են հըրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք․․․»