Տըվավ Կողբադնի գըլուխը ջարդեց,
Չափի փըշրանքը պատն անցավ, գընաց,
Մինչև օրս Էլ դեռ գընում Է թըռած։
Ու ելան՝ թափած ոսկին թողեցին,
Հայոց աշխարքից փախան գընացին
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին։
XVI
— Վա՜յ, վա՜յ, հորեղբա՛յր, ի՜նչ ասեմ ես քեզ․ 460
Մենք ունենք էստեղ դեղին ոսկու դեզ,
Դու արել ես ինձ քաղաքի ծառան,
Դու թողել ես ինձ օտարի դըռան…
Հորեղբայրն ասավ.— Ա՛յ խենթ, խելագար,
Ոսկին պահել եմ Մելիքի համար,
Որ քաղցըր լինի աչքը մեզ վըրա։
Չըտըվիր, հիմի որ զորք առնի՝ գա,
Սասմա քար ու հող հեղեղի, տանի,
Ո՞վ դեմը կերթա, ո՞վ կըռիվ կանի։
— Դու կա՛ց, հորեղբա՛յր, թող գա, ե՛ս կերթամ, 470
Կերթամ, ես նըրան պատասխան կըտամ։
Ու մութ մարագի դըռանը զարկեց,
Փակած աղջիկներ հանեց, արձակեց։
— Գընացե՛ք, ասավ, ազատ ապրեցե՛ք,
Սասունցի Դավթին արև խընդրեցեք։