Ու ծանըր նըստեց Մըսրա թագավոր։
Էնքան ահագին բազմությունն էն օր
Բաթմանա ջըրին եկավ ու չոքեց,
Ով եկավ, խըմեց—գետը ցամաքեց,
Սասմա քաղաքում մընացին ծարավ։
Ձենով Օհանին զարմանքը տարավ։
Քուրքը ուսն առավ, սարը բարձրացավ.
Սարը բարձրացավ, տեսավ, ի՜նչ տեսավ։
Ճերմակ վըրանից դաշտը ճերմակել,
560
Ասես՝ էն գիշեր ձըմեռը եկել,
Սպիտակ ձյունով պատել էր Սասուն։
Լեղին ջուր կտրեց, կապ ընկավ լեզուն,
Հարա՜յ կանչելով՝ փախավ տուն ընկավ.
— Վա՜յ, փախե՜ք, եկա՜վ… հա՜յ, հարա՜յ, եկավ…
— Ի՞նչը, հորեղբա՛յր, ի՞նչը, ի՞նչն եկավ…
— Ցավն ու կըրա՜կը Դավթի պինչն եկավ։
Մըսրա թագավոր ելել է, եկել,
Եկել, մեր դաշտին բանակ է զարկել.
Թիվ կա աստղերին, թիվ չկա զորքին…
570
Վա՜յ մեր արևին, վա՜յ մեր աշխարքին…
Ե՜կ, ոսկին տանենք, աղջիկներ տանենք,
Չոքենք առաջին, պաղատանք անենք,
Գուցե թե գըթա,
Մեզ սըրի չըտա…
— Դու կա՛ց, հորեղբայր, դու դարդ մի՛ անիր.
Գընա՛, քու օդում դու հանգիստ քընիր.
Հիմի ես կելնեմ, Սասմա դաշտ կերթամ,
Մըսրա-Մելիքին պատասխան կըտամ։
Ու գընաց Դավիթ ծանոթ պառավին.
580
— Նանի ջա՛ն, ասավ, ժանգոտած ու հին
Երկաթի կըտոր, անթարոց, շամփուր,
Ինչ ունես չունես, հավաքի՛ր, ինձ տուր,
Մի էշ էլ գըտիր, որ վըրեն նըստեմ,
Կըռիվ տի գընամ Մըսրա զորքի դեմ։
— Վա՜յ, Դավի՛թ, ասավ, մահս տանի քեզ.