Սասունցի Դավթին որ չեք ճանաչում… 650
Բա չե՞ք իմանում, որ էստեղ է նա
Գալու՝ խաղացնի իր ձին թևավոր.
Չըքվեցե՜ք, հիմի ուր որ է՝ կըգա,
Եկել եմ սըրբեմ մեյդանը էսօր։
Ասավ ու քաշեց իր ուսի բարդին,
Սըրբեց բանակից մի քըսան վըրան…
Դավիթն էլ ահա սարի գագաթին
Կանգնած՝ գոռում է վիշապի նըման.
— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք, 660
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք
Զե՛նք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք.
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց…
Էսպես կանչեց, ասպանդակեց,
Ու, ինչ ամպից կայծակ զարկի,
Մըսրա զորքի մեջտեղ զարկեց,
Շողացնելով Թուր-Կայծակին։
Ջարդեց, փըշրեց մինչև կեսօր. 670
Կեսօր արինն ելավ հեղեղ,
Քըշեց, տարավ հազարավոր
Մարդ ու դիակ ողջ միատեղ։
Կար զորքի մեջ մի ալևոր,
Աշխարք տեսած ու բանագետ.
— Տըղե՛րք, ասավ, ճամփա տըվեք,
Գընամ խոսեմ ես Դավթի հետ։