Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ետ դառ, անահ տղա, ետ դառ, եթե գլխիցդ ձեռ չես քաշել, ետ դառ։ Թե չէ իսկույն կկրակեմ քեզ, հող ու մոխիրդ քամուն կտամ։

Արեգը պատասխանի փոխարեն քաշեց իր զիլ աղեղը, նետը շառաչելով զարկեց քավթառի կրծքին ու մեջքից դուրս եկավ, բոցը հանգավ, ծուխը ցրվեց. Արեգը առաջ անցավ[1], տեսավ շղթայով ամուր կապած երկու գեղեցիկ աղջիկ։ Զարկեց, շղթաները խորտակեց ու դուրս բերեց արևի լուսը։ Դուրս բերեց թե չէ՝ մինը թե՝ Մշտադալար այգու թագավորի աղջիկն եմ ես։ Դու ինձ ազատեցիր էս տանջանքից, երանի մի անգամ գաս մեր երկիրը, որ ես էլ քեզ մի լավություն անեմ քո լավության փոխարեն։ Ասավ, մի մատանի գցեց Արեգի վրա ու ծիտ դառավ, ծլվլալով թռավ գնաց։

Արեգն առավ Ծաղիկին, բերեց տվեց իր հորը, ծերունի թագավորին։

Թագավորը հայտնեց, որ ինքը հավաքեց իր տերության բոլոր աշխարհք տեսած մարդկանց ու հին որսկաններին։ Ամենքն[2] էլ հայտնեցին, թե ոչ թե Հազարան Բլբուլի տեղը չգիտեն, մինչև անգամ անունն էլ չեն լսել։

— Բայց ես չէմ թողնիլ քո լավությունն ու քաջությունը առանց վարձատրության,— ասավ թագավորը,— արի՛ ամուսնացիր իմ գեղեցիկ Ծաղիկի հետ, եղիր իմ ժառանգն ու իմ որդին ու թագավորիր իմ տեղը։

— Ո՛չ, թագավորն ապրած կենա,— պատասխանեց Արեգը,— ես պետք է գնամ իմ նպատակի ետևից, երկնքի երեսին լինի, թե գետնքի տակին, ես պետք է գտնեմ Հազարան Բըլբուլը։

Էս քաղաքից էլ դուրս եկավ Արեգը, գնաց դաշտը, Դևի մազը կրակեց[3], թե չէ— դևն հայտնվեց, ընկավ առաջին։

— Ինձ տար հուրի-փերիների, լուսեղեն ոգիների Մշտադալար այգին,— հրամայեց Արեգը։

— Դժար բան ես ուզում,— ասավ Դևը,— բայց ինչ անեմ, կյանքս ազատել ես, պետք է կատարեմ։

  1. [չորս] ներս մտավ
  2. բոլորն
  3. վառեց