Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պառավն անեծքը վերջացրեց, թե չէ, թագավորի դրախտանման այգին իսկույն չորացավ, կանաչ տերևը թափվեց պտուղն էլ հետը, ծառերը մերկացան, և այգին մնաց սևացած կանգնած։ Բոթը հասավ թագավորին։ Թագավորը տղերանցը կանչեց, թե՝ այ որդիք, էս ի՞նչ բան էր, էս ինչ տեսիլք էր, մի գրբաց բերեք, գրին մտիկ անի, տեսնենք էս ինչ մեղք ենք արել մենք, էս ինչ էր, որ աստված մեզ նշանց տվեց։ Գնացին, ման եկան, մի հմուտ գրբաց գտան, բերին։ Գրբացը գիրը բաց արավ ու պատմեց, թե՝ թագավորն ապրած կենա, քո այգին մի պառավի անեծքից է չորացել և կկանաչի միայն էն ժամանակ, երբ որ Հազարան բլբյուլը նրա մեջ բարիլուսին երեք անգամ կանչի, կդառնա էլ էն այգին, էլ էն պտուղը։

Թագավորը երեք որդի ուներ։ Թե՝ որդի՛ք,— ասաց թագավորը,— ես արդեն ծեր եմ, հազիվ եմ ոտքի կանգնում։ էս որ լսեցին, թագավորի երեք տղեն էլ վեր կացան, հորիցը հրաման առան ու ընկան աշխարհքե֊աշխարհք, որ Հազարան բլբլուլը գտնեն, բերեն։ Գնացին֊գնացին, հասան մի տեղ, որ երեք ճամփա բաժանվում են, ճամփաբաժանում մի նշանով բարձր քար կա։ էստեղ խորհուրդ արին, թե եկեք ամեն մեկս մի ճամփով գնանք ու թե որ մեկս Հազարան բլբյուլը գտնենք, գանք էստեղ, էս քարի վրա նշան դնենք, թե՝ ես գտա ու տարա, էլ դուք զուր տեղը ման չգաք։ էսպես խորհուրդ արին ու ամեն մեկը մի ճամփա ընկավ, գնաց։

Մեծ ախպերը գնաց ընկավ մի քաղաք։ Մի խորտկարարի խանութի պատահեց, ինքն Էլ սոված էր, կերակուրների հոտը դյուր եկավ, միտքը փոխեց, սկսեց մտածել, թե՝ ախպեր, ես որտեղից Հազարան բյուլբյուլ գտնեմ, արի էս պանդոկն աշկերտ մտնեմ, էս կերակուրներիցը գոնե կուտեմ ու կուշտ գլուխս կպահեմ։

Սա մնաց էստեղ։

Միջնակ ախպերն էլ մյուս ճամփով հասավ մի ուրիշ քաղաք։ Սա էլ մի մրգավաճառի մոտ աշկերտ մտավ ու սա էլ մնաց էստեղ։

Փոքր եղբայրը գնաց, շատ գնաց, թե քիչ, պատահեց մի ծառի, որ շվաքումը հազար գլուխ ոչխար կնստեր։ Հոգնած, ջարդված էս ծառի տակին պառկեց, քնեց։ Հանկարծ մի ֆշշոց