ոգևորված, վառված նրանց կարոտով, ավելի ու ավելի սրտալի ու հրապուրիչ, և իմ ձայնի ելևէջները նվիրում եմ նրանց...
Էլ երկնքից ցած են իջնում երգից թովված հավքերը,
Բայց, ա՜խ, չըկա, էլ չի գալիս այս թռչունը իմ ծանոթ,
Որ ինձ կրկին առնի տանի այն դրախտը, նրանց մոտ։
Եվ իջնում եմ ես հուսահատ ու խելագար վշտից, կարոտից։ Այդպես լալիս եմ, կուրծքս կոծում։
— Դե, դու ասա, այսպիսի կորուստի ինչպես դիմանա մի երիտասարդ սիրտ, և միտքը մնա իր բնական դրության մեջ։
— Ծանր է, ավա՜ղ,— հառաչեց Շնորհքը։— Տեսել եմ շատ հարուստ մարդիկ, որ հարստություն են կորցրել, տեսել եմ թագավորներ, որ զրկվել են իրանց թագավորությունից, շատ ցավեր եմ տեսել աշխարհքում, բայց քո կորուստը ու վիշտը մեծ է բոլորից։
— Ահա քեզ պատմեցի իմ ցավը, դու, մի հողեղեն մարդ, չես կարող ինձ տալ այն, ինչից որ անմահներն են զրկել։ Իսկ այս գաղտնիքը չի կարելի դուրս տանել, որ ավելի մեծ հանցանքով չզրկվեմ երբևէ նրանց կրկին արժանանալու հույսից և անմահների համբույրները չդարձնեմ մարդկային բամբասանքի առարկա... և վերջապես, ի՞նչ կասի աշխարհքը, երբ որ իմանա, որ ես իր աստծուն և իր համար չեմ աղոթում։ Դե՛, պատրաստվիր, իմ անբախտ հյուր, թեև ծանր է պայմանը, բայց չեմ կարող չկատարել։
— Ես պատրաստ եմ,— ասաց Շնորհքը,— կատարիր պայմանը, բայց խնդրում եմ, առաջ մի կաթիլ ջուր տուր սիրտս հովանա, որովհետև վառեցիր քո պատմությունով։
Երգիչը վեր կացավ, գնաց ջուր բերելու։ Շնորհքը դուռը բաց արավ, դուրս եկավ և կորավ գիշերային մթության մեջ։
Եկավ Սինամ թագավորի մոտ։
— Բարով, բարեկամ,— ասաց Սինամ թագավորը,— խոսի՛ր, տեսնեմ ինչ իմացար։
Շնորհքը պատմեց յուր ճանապարհորդությունը և Ցնորք մինարեի երգչի ցավը։
— Իմ սրտի համար մխիթարական է քո բերած գաղտնիքը,—