Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քանի դեռ վաղ է, դու լավ միտք արա,
Հետո էլ փրկություն չկա։
— Թագավորն ապրի, իմ գլուխը քեզ,
Քո պատմությունն ասա, լսեմ,
Դրանից հետո թող մեռնեմ։


— Դե, քո մեղքը քո վիզը— լսիր։ Էն գիշերը հանեցի իմ թագավորական զգեստը, արաբի շորերը հագա, թուրը կապեցի, դառա ձիապան, գնացի ախոռում հսկելու։ Կես գիշերին տեսնեմ ախոռի դուռը բացվեց, ներս մտավ իմ կինը՝ (Գյուլ) Վարդ թագուհին։— Ձիապա՛ն,— կանչեց,— թամբիր, պատրաստիր, դուրս բեր ձիանը— ես քեզ հետ պետք է ուրիշ տեղ գնամ։

Ձիանը թամբեցի, դուռը դուրս բերի։ Մթնումը չճանաչեց, թե ես ով եմ։ Մեկն ինքը հեծավ, մյուսը՝ ես։ Նա առաջ քշեց, ես էլ ետևից, իբրև յուր ծառան։ Քշեցինք կայծակի նման սարեր, ձորեր կտրեցինք, քշեցինք, վերջապես հասանք մի ձոր, մի քարանձավի դռան կանգնեցինք։ Էստեղ թագուհին վեր եկավ ձիուց։— Արա՛բ,— ինձ ասավ,— դու ձին պահիր այստեղ, կաց մինչև ես կգամ— ու գնաց մտավ քարանձավը։ Քրտնած ձիանը կապեցի ծառից ու ես էլ թաքուն ետևիցը գնացի։ Գնացի, տեսա մի մեծ քարանձավ, քառասուն ավազակ նստած շուրջ բոլոր ու իրանց պետը գլխներին բազմած։ Կինս որ մտավ, ավազակները ուրախացած սկսեցին ծափ տալ ու աղաղակել.

Տիկինն եկա՜վ, կրկին եկա՜վ,
Հա՛յ ջան, հա՛յ ջան,
Լիքը բոխչեն գլխին եկավ,
Հա՛յ ջան, հա՛յ ջան։
Ինքը փեշքեշ մեր քաջ պետին.
Հա՛յ ջան, հա՛յ ջան,
Մենք կարոտ ենք բոխչի գաթին,
Հա՛յ ջան, հա՛յ ջան․․․


Նրանց ուրախ աղաղակներից քարանձավը դմբդմբաց։ Կինս էլ յուր բերած մի կապոց թխվածքը գլխին դրած, խնդալով