Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուռավ, քանի գրիչը շարժեց, ագռավը տռզեց, մեկ էլ հանկարծ տրաքեց, մեջիցը դուրս եկավ մի գեղեցկուհի, մի հրաշալի աղջիկ, որ Հազարան բյուլբյուլի տիրոջից էլ ավելի սիրուն։ Էս երկու աղջիկները փաթաթվեցին իրար ու կարոտներն առնելուց հետո դարձան զարմացած թագավորի տղին թե՝ ա՛յ տղա — մենք հարազատ քույրեր ենք, փառք աստծու, որ այսօր իրար տեսության արժանացանք քո քաջության շնորհիվ։ Ինչ որ անց է կացել, անց, այսուհետև Հազարան բյուլբյուլն էլ քեզ, քո մեղքին էլ թողություն։ Այսուհետև մենք քո իրավունքի տակն ենք, մեզանից որին կուզես քեզ կին առ, էստեղ միասին ապրենք։

— Ո՛չ,— պատասխանեց թագավորի տղեն,— իմ աչքովը ես որ տեսա.

Գյուլը Սինամին ինչ արավ,
Սինամը Գյուլին ինչ արավ,

ես ձեր ցեղիցը կին չեմ ուզիլ։ Ես Սինամ թագավորից քաջ տղամարդ չեմ։ Վախենում եմ։ Տերը ձեզ հետ, գնացեք, ուր ու ձեր սիրտը կուզի։ Դուք էլ ազատ եղեք, ես էլ։


4. ՀԱԶԱՐԱՆ ԲՅՈՒԼԲՅՈՒԼ[1]

Մի ժամանակ մի թագավոր էր ապրում։ Նա մի այգի էր շինել, դրախտից էլ ծառ էր բերել մեջը տնկել, աշխարհքի ամեն բարիքներով լցրել էր ու այգեպանին պատվիրել, որ դուռը միշտ բաց պահի, ով ուզի մտնի, ուտի, տանի, գնացողեկողին չէ չլինի։

Այդ թագավորի մայրաքաղաքում կենում էր մի աղքատ պառավ։ Մի օր սրա մինուճար որդին հիվանդացավ ու մորը խնդրեց, թե՝ նանի, սիրտս խաղող է ուզում, ինչ կլինի գնաս մի ճիթ խաղող բերես...

Պառավը գնաց, թագավորի այգու դռանը կանգնեց, այգեպանին ձայն տվեց, խնդրեց, որ մի երկու ճիթ խաղող տա դեղապետ։ Այգեպանը թե՝ այգին ջրում եմ, ժամանակ չունեմ,

  1. Հազարաձայն սոխակ, այլաբանություն է՝ բանաստեղծություն։