Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եկավ, բարևեց։ Իմ լեզուն իսկույն կապվեց, չկարողացա պատասխանել։ Թե՝ ա՛յ տղա, մինչև քո մահը ես քեզ պահեմ իբրև ամուսին, բայց պետք է մենք սուրբ ու անխառն մնանք։ Եթե քո մի թերությունը այստեղ նկատեցի, քեզ կտոր-կտոր կանեմ։ Հոժարեցի, մնացի դրա մոտ ամբողջ տասը տարի։ Ոչ խմում էի, ոչ ուտում, միայն նրան նայելով ու նրա սիրով էի ապրում։ Մեկ գիշեր էլ այդպես պառկած էի, հանկարծ ցանկությունը ինձ հաղթեց ու նրան ամուր կմշտեցի-ճմկտեցի։ Աղջիկը ճչաց ու տեղից վեր թռավ։ Այդ ճչոցի վրա այս ու այն կողմից թափվեցին հուրի-փերիները։ Ինչ անեմ, ասաց, քեզ չեմ սպանում։ Այնքան սիրում եմ։ Ու ձայն տվեց.— Քավթառ, արի սրան տար, էլ այնտեղ վայր ձգիր, որտեղից բերել ես։ Ես էլ ոչինչ չեմ իմացել, միայն այն զգացի, որ դարձյալ կանգնած եմ նույն մինարեի գլխին։ Հիմի այն փառքն ու այն դրախտը կորցրի։ Այժմ կսկիծից, իմ այս խոնավ ու մութ տեղում նստել ու ուրիշ պարապմունք չունեմ, արհեստի համար այս եմ շինում (?)։ Տարվա գլխին, նույն օրը, որ օրն ինձ տարել է, էլի գնում եմ երգում, տեսնում եմ էլ չկա, բարկությունս գալիս է, կոտրում եմ թամբը։

Սրան լսելուց հետո շնորհակալություն արավ, գնաց աշչի Ահմադի մոտ։ Աշչի Ահմադին պատմեց։ Աշչի Ահմադն էլ սկսեց իրանը պատմել այսպես.

— Ես աղքատ ծնողների որդի էի։ Հայրս, երբ 10—12 տարեկան դարձա, ասաց.— Տեսնում ես, որ այնքան կարողություն չունեմ, որ կնոջս էլ պահեմ, քեզ էլ։ Գնա մի տեղ, մի գործ գտիր, քո գլուխդ պահիր։ Մի օր մի քանի հաց փեշումս դրի, եկա այս քաղաքը։ Տեսնեմ քաղաքադռան մոտ մի հրեա։ Թե՝ ի՞նչ ես ուզում, որդի։ Թե՝ գործ։ Թե՝ եկ ինձ մոտ, օրը մի ոսկի կտամ։ Ամբողջ տարին կեր-խմիր, քեֆ արա։ Միայն ամբողջ տարին մի օր պետք է ինձ համար գործ անես։ Տարավ տուն, շորերս փոխեց։ Երբ տարին թամամեց, ասաց.— Այսօր պետք է ինձ համար աշխատես։ Մի ուղտ ու մի գոմեշ (ուղտի վրա երկու <1 անընթ.> տանում ենք, ծովափին պետք է մատաղ անենք։ Տարանք։ Մորթեցինք գոմեշը, քերթեցինք, կաշին սկսեց փռել, թե տեսնենք քանի ջուխտ տրեխ դուրս