Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկերի լիակատար ժողովածուի ներկա 4-րդ հատորով շարունակվում և ավարտվում է Հովհ. Թումանյանի պոեմների գիտական հրատարակությունը։ Բացի ինքնուրույն չորս պոեմներից («Սասունցի Ղավիթը», «Թմկաբերդի առումը», «Հին կռիվը», «Հազարան բլբուլ») հատորն ընդգրկում է նաև Թումանյանի թարգմանած պոեմներն ու վիպերգերը, որոնց շարքում կան այնպիսի դասական երկեր, ինչպես Բայրոնի «Շիլիոնի կալանավորը», Լերմոնտովի «Մծիրին», ռուսական և սերբական ժողովրդական վիպասքերը, պատմողական պոեզիայի մի շարք ուրիշ նմուշներ։ Իբրև հավելված, հատորի վերջում զետեղված է Շոթա Ռուսթավելու «Ընձենավորից» մի հատված (որի հայերեն թարգմանությունը Թումանյանը ենթարկել է լուրջ խմբագրական փոփոխությունների), ինչպես նաև 1-ին հատորից դուրս մնացած երեք բանաստեղծություն։

Պոեմների հրապարակման բնագրագիտական սկզբունքներն ու ժամանակագրության հարցերը բացատրված են նախորդ՝ 3-րդ հատորի ներածական հոդվածում և ծանոթագրություններում։ Այստեղ անհրաժեշտ է ավելացնել, որ, բացի ինքնուրույն և թարգմանական պոեմների բնագրային տարբերակներից, սույն հատորում, հատկապես «Սասունցի Դավիթը» և «Հազարան բըլբուլ» պոեմների կապակցությամբ, հրատարակվում են նաև բազմաթիվ նախապատրաստական և օժանդակ նյութեր, ստեղծագործական ծրագրեր և գրառումներ։ Այդ պատճառով Էլ համապատասխան բաժինը այս (ինչպես նաև հաջորդ՝ 5-րդ) հատորում վերնագրված է «Տարբերակներ և նյութեր»։

Հատորի ծանոթագրություններում օգտագործվել են հետևյալ համառոտագրությունները.

ԲՄ I– Բանաստեղծություններ, հ. I, Մոսկվա, 1890

ԲՄ II— Բանաստեղծություններ, հ. II, Մոսկվա, 1892

ԲԹ— Բանաստեղծություններ, Թիֆլիս, 1903

ԲԲ— Բանաստեղծություններ, Բաքու, 1908

ԲՊ— Բանաստեղծություններ, Կ. Պոլիս, 1922

ՀՀ— Հայրենիքիս հետ, Թիֆլիս, 1916

ԳԵ— Գեղարվեստական երկեր, Երևան, 1934

ԵԺ I—VI— Երկերի ժողովածու վեց հատորով (գիտական հրատարակություն), Երևան, 1940—1959