Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր, 80
Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես և Թըմուկ բերդին, 90
Որ չես կարենում էսքան ժամանակ։
IV
Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին։
Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար․
Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,
Թե չըլինին
Կինն ու գինին։
Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերև թըռչում ման գալիս,
Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,
Թե չըլինին
Կինն ու գինին։
Թեկուզ և արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,