Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիմքն ու ելակետը մեծ մասամբ եղել է այն սխալ պնդումը, որ Թումանյանն էպոսը մշակելիս, իբր թե, ստեղծագործական մոտեցում չի ցուցաբերել, հանդես է եկել սոսկ ժողովրդական պատումը արձակից ոտանավորի վերածողի դերում։ Այսպես, ԲԹ ժողովածուի գրախոսական հոդվածում Լեոն ուղղակի հայտարարեց, որ, իբր թե, Թումանյանն այս պոեմում «ստեղծագործական ինքնուրույնության նշույլ անգամ չէ ցույց տվել։ Նա միայն տնատողի դեր է կատարել, արձակը ոտանավորով պատմող է, այն էլ այնպիսի մի պատմող, որ չէ ըմբռնում ժողովրդական հյուսվածքի ներքին միտքը, բովանդակությունը»։ Գրախոսի վերջնական եզրակացությունը անվերապահ է և, հայ քննադատության պատմության մեջ, թերևս, աննախադեպ. «Չգտնելով այդտեղ հեղինակական ոչ մի ինքնուրույնություն, մենք այդ պոեմը, որ բռնում է 40 երես, չենք դնում պ. Թումանյանի ինքնուրույն գործերի հաշվում» («Մշակ», 1904, № 1)։ Նույնպիսի ժխտական դիրք գրավեց նաև Ս. Մանդինյանը՝ պնդելով, որ Թումանյանն այս պոեմում հանդես է եկել սոսկ «փոշոտ գրադարաններում աշխատող ուսումնականի» կամ «լոկ ընդօրինակչի» դերում՝ «միայն թե արձակ գրությունը չափաբերականի վերածե» (Տզ. 1904, № 7, էջ 48)։ Իսկ Լ. Մանվելյանը, ընդունելով հանդերձ «շատ բարձր արժեք» ունեցող հատվածների առկայությունը Թումանյանի պոեմում, այնուամենայնիվ, պնդում էր, որ բանաստեղծը «քայլ առ քայլ հետևել է բնագրին նույնիսկ մանրամասնությունների մեջ, և հետևանքը եղել է այն, որ նրա քերթվածը գրեթե ազատ թարգմանություն է» (Լ. Մանվելյան. Ռուսահայ գրականության պատմության, պրակ Դ, Թիֆլիս, 1911, էջ 86—88)։

Պոեմի նկատմամբ էապես այլ վերաբերմունք արտահայտեց ՄՃ ամսագիրը՝ Թումանյանի նոր ժողովածուի ընդարձակ գրախոսականում, որի հեղինակը Ավ. Ահարոնյանն էր (Ա. ստորագրությամբ)։ Հոդվածագիրը նշում էր, որ այդ պոեմով Թումանյանը «մեր ժողովրդական ընթերցանության գործին ահագին ծառայություն է մատուցել», որ «շնորհիվ նրա՝ այժմ մեր միակ դյուցազներգությունը կարող է հաճույքով կարդալ ու հասկանալ յուրաքանչյուր հայ մարդ»։ Միաժամանակ Ահարոնյանը ցույց էր տալիս այս դեպքում Թումանյանի ստեղծագործական աշխատանքի ամենից արժեքավոր կողմը՝ ժողովրդական ոգու ճիշտ ըմբռնումն ու բացահայտումը։ Թումանյանը, գրում էր նա, ձգտել է «հաշվի առնել ժողովրդական ստեղծագործության բոլոր մանրամասնությունները, սրրությամբ պահպանել արդեն կենդանի տիպերի բնավորությունը, նրանց չափած-ձևած գործունեության հաջորդական զարգացումը և գեղեցիկ խոտորումների, բանաստեղծական հավելումների մեջ պահպանել ժողովրդի տրամաբանությունը, նրա ոգին»։ Եվ այդ ամենը արվում է «այն աստիճան վարպետորեն», ժողովրդականն ու անհատականը այնպես բնականորեն են միահյուսվում, որ անհնար է դրանք «զատել իրարից, կարծես նա այդպես էլ եղել է միշտ» (ՄՃ, 1904, № 1, էջ 182 — 184):

Դրանից մի քանի տարի անց Ա. Տերտերյանը «Սասունցի Դավթի» մեջ տեսնում էր բանաստեղծի դեմոկրատական ոգու ամենավառ արտահայտություններից