1904 թ.։ Շուլավերից 1904 թ. օգոստոսի 7-ին Փ. Վարդազարյանին գրած նամակում Թումանյանը հայտնում Էր. «Դավթի» շարունակությունն ուզում են (խոսքը վերաբերում Է Բաքվի հայոց հրատարակչական ընկերությանը, որին Թումանյանը խոստացել էր հանձնել պոեմի երկրորդ մասը՝ տպագրելու համար—խմբ.)։ Պատրաստություն եմ տեսնում «Դավթին» հարսանիք անելու։ Հարսանիքի ծախսը նրանցն է» (ԵԺ V, 275)։ Դարասկզբին գրված լինելու օգտին է խոսում նաև այն փաստը, որ այս հատվածների թղթի և ձեռագրային տվյալները հիմնական հատկանիշներով համընկնում են պոեմի առաջին մասի պահպանված ինքնագրերի տվյալներին։
Ինչպես երևում է Թումանյանի և Բաքվի հրատարակչական ընկերության ղեկավարների (Մ. Տեր-Անդրեասյան, Հ. Քաջազնունի, Ե. Թաղիանոսյան) նամակագրությունից, «Սասունցի Դավթի» երկրորդ մասի խնդիրը նորից սուր կերպով դրվել է 1907—1908 թթ. բանաստեղծի չափածո երկերի նոր ժողովածուն (ԲԲ) կազմելու կապակցությամբ։ Հրատարակիչները շատ էին ուզում, որ այդ գրքում առաջին անգամ տպագրվեր նաև հայ ժողովրդական դյուցազնավեպի մշակման շարունակությունը, որով զգալիորեն կմեծանային նաև հեղինակին վարձատրելու չափերը։ Պոեմի երկրորդ մասը շուտափույթ ավարտելու խնդրանք-առաջարկներով նրանք բազմիցս դիմել են Թումանյանին (տե՛ս Թֆ, № 1124—1126): ԲԲ ժողովածուի պատրաստման ընթացքում ծագել է նաև մի ուրիշ մտադրություն, որի մասին Հ. Քաջազնունին բանաստեղծին գրել է. «Սասունցի Դավթի» շարունակությունը կարող ես մի քիչ ուշացնել, որովհետև այդ պոեման մտադրություն ունենք դուրս հանել ժողովածուից և հրատարակել առանձին գրքույկով» (Թֆ, № 1191, նամակն անթվակիր է, բայց, անշուշտ, վերաբերում է 1907—1908 թվականներին)։
Սակայն բոլոր հորդորներն ու խոստումները որևէ արդյունք չտվեցին, պոեմի երկրորդ մասի աշխատանքներն այս հատվածներից առաջ չանցան։ Մինչև վերջ անփոփոխ մնաց այն վիճակը, որի մասին գրում էր Հ. Քաջազնունին 1907 թ. օգոստոսի 1-ի նամակում՝ հիշելով բանաստեղծի հետ իր մի խոսակցությունը «Սասունցի Դավթի» շարունակության մասին. «Բայց դու գա անիրագործելի գտար,— մի այնպիսի պատճառով, որի դեմ չի կարելի վիճաբանել, ասում ես, տրամադրություն չկա «Դավիթը» շարունակելու։ Անձնապես ես շատ ափսոսում եմ, որ այդ այդպես է, բայց զոռով հո չի՞ կարելի բանաստեղծություն գրել» (Թֆ, № 1189)։
Եվ, այնուամենայնիվ, Թումանյանը մինչև վերջ էլ չհրաժարվեց հայկական էպոսի ամբողջական մշակման նվիրական գաղափարից։ Ինչպես վկայում է բանաստեղծի դուստրը, 1920—1921 թթ. Թումանյանը հաճախ է անդրադարձել պոեմի շարունակությանը, ոգևորված հատվածներ է կարդացել գրած մասերից (տե՛ս Ն. Թամանյան, էջ 232, 249), Թե ինչպիսի մեծ պատասխանատվությամբ էր պատրաստվում Թումանյանը «Սասունցի Դավթի» Բ մասի ստեղծմանը, վկայում են նաև պահպանված բազմաթիվ ու բազմապիսի ծրագրային նշումները, քաղվածքները, էպոսի մի շարք դրվագների