Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



    Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
    Ա՛յ նազանի աննըման.
    Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
    Աշխարհքի տերն անսահման…

    Մեզ պես տըկար մարդ է նա էլ՝
    Սիրուններին միշտ գերի.
    Քու ճակատին թագ է վայել․
    Լինիս շքե՜ղ թագուհի…

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մըտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից…

VII

Դարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,
150 Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ։

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը։

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
160 Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։