Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդմիջումից հհտո Թումանյանը նորից անդրադարձավ, իր վաղեմի ծրագրին, նրան հաջողվեց մշակել ու տպագրության հանձնել պոեմի երկու գլուխ՝ նույն «Երգչի վիշտը» և «Արեգը սև աշխարհքում»։ Պոեմի մյուս մասերը, ինչպես նաև հեքիաթը արձակ և դրամատիկական ձևերով մշակելու փորձերը ֆրագմենտային բնույթ են կրում և գեղարվեստական ավարտուն տեսք չեն ստացել:

1914 թ. սկսված համաշխարհային պատերազմը և հետագա դեպքերը նորից խանգարեցին պոեմի ամբողջացմանը, թեև այդ ժամանակ էլ բանաստեղծի միտքն այս կամ այն չափով զբաղված էր իր ապագա մեծ երկի գաղափարով, որը, նրա խորին համոզմամբ, լինելու էր իր ստեղծագործության գլուխգործոցը։

«Հազարան բըլբուլի» ծրագիրն ու սահմանները աշխատանքի տարբեր փուլերում փոխվել են։ Մի ծրագրային գրառումից երևում է, որ որոշակի շրջանում բանաստեղծը ցանկացել է իր այս ստեղծագործությունն անվանել «Երգ. արևելյան վիպերգ», որի երեք մասերը կոչվելու էին. Ա. Հազարան բյուլբյուլ, Բ. Սինամ թագավորի գաղտնիքը, Գ. Անթառամ այգի (ՈՒՀ—Տ, 288—289)։ Պոեմի հերոս Արեգի անձնուրաց ջանքերի և հազարան բլբուլի երգի շնորհիվ վերածաղկած անթառամ այգին խորհրդանշելու էր բանաստեղծի բարձրագույն իդեալը՝ մարդկության ապագա վերածնությունը։ Հետաքրքիր է, որ առաջին համաշխարհային պատերազմի սկզբին իր հասարակական-քաղաքական երազանքը բանաստեղծն արտահայտել է նույն անթառամ այգու («Ծաղկանոցի») այլաբանությամբ, գրելով. «Նրանից հետո թերևս գան խաղաղության օրեր ու իմ ծաղկանոցի ուտոպիան էլ իրականանա» (ԵԺ V, 400):

Պահպանված հատվածներն ընդգրկում են բանաստեղծի ծրագրածի փոքր մասը միայն։ Դատելով Թումանյանի հավաքած և մասամբ դրական մշակման ենթարկած պատումներից, պոեմում, բացի բուն Հազարան բլբուլի պատմությունից, պետք է նկարագրվեին նաև մի քանի ուրիշ դըրվագներ։ Հրեղեն թռչունի որոնման ճանապարհին պոեմի հերոսը պետք է հանդիպեր ու տեղյակ դառնար մի ամբողջ շարք մարդկային ծանր վշտերի։ Նա պետք է իմանար Ցնորք մինարեի երգչի անսփոփ վշտի պատճառը, լսեր իր կնոջն ու երեխաներին կորցրած թամբագործ վարպետի տխուր պատմությունը, վերջապես, նրա առջև պետք է բացվեր Սինամ թագավորի սարսափելի գաղտնիքը: Եվ պոեմի հերոսը (որն սկզբում Շնորհք էր կոչվում, իսկ հետո ստացավ Արեգ անունը) «դառնում է սրտագետ», ինչպես ասել է Թումանյանը մի զրույցի ժամանակ։ Նա գիտակցում է, որ Հազարան բլբուլն անհրաժեշտ է ոչ միայն իր հոր չորացած այգին ծաղկեցնելու և գազան դարձած մարդկանց վերածնելու, այլև իր հանդիպած այդ անլուր վշտերն ամոքելու համար։ Դրանով զգալիորեն ընդլայնվում են ստեղծագործության հումանիստական գաղափար-նպատակի շրջանակները:

Կյանքի վերջին տարիներին, ողբերգորեն գիտակցելով իր ծրագրածն իրագործելու անհնարինությունը, Թումանյանն ավելի ու ավելի մեծ սիրով ու ափսոսանքով է խոսել «Հազարան բըլբուլի» մասին: Դա հիմնական,