Թումանյանի մահով այդ բոլոր հույսերն ի դերև ելան, և «Հազարան բըլբուլի» չիրագործված մտահղացումը հայ գրականության ամենամեծ կորուստներից մեկը դարձավ։
«Հազարան բըլբուլ» պոեմի և նրա հետ կապված նյութերի հրապարակումը սույն հատորում կազմված է մի քանի մասից։
Պոեմի հիմնական բնագիրը. Հատորի առաջին բաժնում տպագրվում են պոեմի՝ մեզ հասած ավարտուն ու սևագիր մասերը, որոնք միահյուսվել են իբրև մեկ ամբողջություն։
Թումանյանի կենդանության ժամանակ, ինչպես նշվեց, պոեմից հրապարակվել է միայն երկու գլուխ, որոնք հասցված են վերջնական մշակման աստիճանի. ա) «Երգչի վիշտը (հատված)», ՆՀ, 1914, № 4, էջ 551—554 (սույն հրատարակության 5-րդ գլուխը՝ առանց սկզբի քսան տողերի), հետևյալ խմբագրական ծանոթագրությամբ. «Տպում ենք մեր անվանի բանաստեղծ Հովհ. Թումանյանի այս փոքրիկ հատվածը, իր մի անավարտ պոեմից, որն ինքնին մի սիրուն ու ամբողջական գործ է»։ բ) «Արեգը սև աշխարհքում («Հազարան բյուլբյուլ» հեքիաթից)», Հսկ, 1914, № 5, էջ 142—145 (սույն հրատարակության 2-րդ գլուխը): Մնացած հատվածները սևագիր են, վերջնական մշակման չեն ենթարկվել և բանաստեղծի կողմից չեն տպագրվել։
Բանաստեղծի մահից հետո պոեմի առանձին սևագիր հատվածներ տպագրվել են «Նոր ուղի» (1931, № 3) և «Վերելք» (1933, №2) ամսագրերում, որոնց հաջորդեց ստեղծագործության առաջին համեմատաբար ամբողջական հրապարակումը ԳԵ ժողովածուի մեջ (խմբագրությամբ Եղիշե Չարենցի, տեքստի պատրաստումը Նվարդ Թումանյանի)։ Այստեղ «Հազարան բըլբուլի» տպագրությունը բաժանված է երկու մասի. «Պոեմներ» բաժնում տեղ են գտել հիշյալ երկու ավարտուն գլուխները (էջ 46—51), իսկ «Անտիպ բանաստեղծություններ» բաժնում՝ մի շարք սևագիր հատվածներ (էջ 132—140):
1938 թ. լույս տեսած «Երկեր. մի հատորյակ» գրքում (կազմեց Ն. Թումանյան) առաջին անգամ փորձ արվեց ի մի հավաքելու պոեմի գրեթե բոլոր պահպանված մասերը (էջ 382—402), բայց առանց սյուժետային ընթացքը խստորեն պահպանելու։ Ղեկավարվելով ժամանակագրական սկզբունքով, կազմողը նախ տեղադրել է ավելի վաղ՝ երկու դարերի սահմանագլխին ստեղծված սևագիր հատվածները և ապա՝ 1914 թ. տպագրված երկու գլուխները («Արեգը սև աշխարհքում», «Երգչի վիշտը»):
Հաջորդ քայլը կատարվեց Թումանյանի երկերի գիտական հրատարակության 2-րդ հատորում (1940, տեքստը պատրաստեցին նվարդ Թումանյան և Արամ Ինճիկյան): Պոեմի անավարտ և ավարտուն հատվածներն այստեղ միահյուսվեցին՝ ըստ սյուժեի մեջ նրանց գրաված դիրքի, և այդ ճանապարհով վերստեղծվեց Թումանյանի այս չիրականացված մտահղացման քիչ թե շատ ամբողջական պատկերը (էջ 153—172, տեքստային տարբերությունները՝