Հազարան բյուլբյուլ <Ցանկ հավաքած նյութերի>:—
Մատենագիտական այս ցանկը (գրված թանաքով, չորս մեծ թերթերի վրա) պահվում է ԳԱԹ, ԹՖ, № 10 Ժը։ Արտատպվում է ինքնագրից՝ բաց թողված որոշ տվյալների լրացումով և կրճատված բառերի վերականգնումով:
Ցանկը կազմվել է 1910-ական թթ., ավելի ճշգրիտ՝ 1914-ից հետո, քանի որ նրա մեջ տեղ են գտել նաև 1914 թ. վերջին Թումանյանի գրի առած երկու տարբերակները (№ 54 և № 55)։
Յանկի մեջ մտած 58 անվանումից ճիշտ կեսը հայերեն նյութեր են, մյուս կեսը՝ ռուսերեն: Ռուսերեն տարբերակները բոլորն էլ քաղված են տպագիր աղբյուրներից՝ բանահյուսական և ազգագրական հրատարակություններից։ Իսկ հայերեն անվանումների մեջ գերակշռում են ձեոագիր նյութերը (19)։ Դրանց մի մասը իր՝ Թումանյանի ձեռքով գրի առնված տարբերակներն են (թեև նշված ոչ լրիվ. ցանկում, օրինակ, բացակայում են այս հատորում հրապարակվող բանավոր պատումներից № 5 և № 6-ը)։ Մյուս ձեռագիր նյութերը գրի են առնվել տարբեր բանահավաքների ձեռքով (Ե. Լալայան, Վրեն Տաշրացի և ուրիշ՝ քիչ հայտնի անուններ) և հանձնվել են Թումանյանին՝ օգտագործելու համար։ Դրանց մի մասը պահպանվել է Թումանյանի արխիվում՝ տարբեր համարների տակ։ Հայերեն տասը նյութ էլ Թումանյանն այս ցուցակի մեջ մտցրել է՝ քաղելով ազգագրական ժողովածուներից և «Հասկեր» մանկական ամսագրից։
Համադրելով այս ցուցակը բանաստեղծի տեսադաշտում եղած նյութերի հետ, կարելի է այն լրացնել մի քանի ուրիշ անուններով։ Այնպես որ 1922 թ. հուլիսի 22-ի նամակում «Հազարան բըլբուլի» մասին Թումանյանի կատարած հայտարարությունը («հավաքել եմ երկար տարիների ընթացքում նրա վաթսունից ավելի վարիանտները») միանգամայն ճշգրիտ է ներկայացնում կատարված աշխատանքի չափերը։