Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
280 Սև աչքերը հանեցին։

Անցավ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից։

Անցավ զալում էն մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով։

Ու նըրանից մենակ անմեռ
290 Էս զրույցը հասավ մեզ,
Որ մեզանից հետո էլ դեռ
Պետք է խոսվի միշտ էսպես։

XII

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
300 Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։