Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2. ԻՆԵՍԻՆ

(Էջ 129, 492)

Այս քնարական հատվածը, որը պոեմի հերոս Չայլդ Հարոլդի դիմումն է իր բարեկամուհուն, Թումանյանն առաջին անգամ թարգմանել է 1890-ականի կեսերին։ Թարգմանության այդ առաջին տարբերակը գրի է առել Մարիամ Վարդազարյանի ալբոմում (ԳԱԹ, ԹՖ, № 413)։ Վերջում նշված է գրառման թվականը՝ <18>96. II։ Բանաստեղծությունը թարգմանելիս, բացի տողացիից, Թումանյանը նկատի է ունեցել նաև Պ. Կոզլովի և Դ. Միխալովսկու ռուսերեն թարգմանությունները։

Ավելի քան տաս տարի անց՝ 1907 թ., Թումանյանը նորից է անդրադարձել իր այս թարգմանությանը՝ ստեղծելով բոլորովին նոր տարբերակ, որը տպագրվել է «Վտակ» թերթի 1908 թ. հունվարի 1-ի համարում (№1, էջ 2)։ Սակայն այս փոփոխակը նույնպես չի բավարարել Թումանյանին, և նա հաջորդ տարիներին այն բարելավելու նոր փորձեր է արել։ Նախ, պահպանվել է «Վտակ» թերթի կտրոնը, որի վրա բանաստեղծը բազմաթիվ ուղղումներ է կատարել (Թֆ, № 1404)։ Վերջում ձեռագրով նշված է թարգմանության թվականը՝ 1907։ Բացի այդ, մեզ հասել է նաև թարգմանության երկու ձեռագիր, որոնք, հավանաբար, վերաբերում են 1910-ական թթ. սկզբին (ԹՖ, № 150, 150 ա)։ Մեկը գրված է Թումանյանի ձեռքով, մյուսը նրա դստեր՝ Անուշի ձեռագիրն է։ Երկու ձեռագրերի վրա էլ կան բանաստեղծի կատարած ուղղումներ և փոփոխություններ։

Թումանյանի կենդանության ժամանակ թարգմանությունն այլևս չի տպագրվել։

Այսպիսով, կարելի է առանձնացնել «Ինեսին» հատվածի թարգմանության հինգ տարբերակ. ա) Մարիամ Վարդազարյանի ալբոմում գրի առածը, բ) «Վտակ» թերթում տպագրվածը, գ) թերթի կտրոնի վրա կատարած փոփոխություններից առաջացած տարբերակը, դ) Թումանյանի ինքնագիրը (Ա) և ե) Անուշի արտագրած տարբերակը (Բ): Ալբոմում գրի առնվածը, նկատի ունենալով նրա ոճական և կառուցվածքային էական շեղումները, սույն հրատարակության մեջ առաջին անգամ տպագրվում է լրիվ տեսքով, իբրև առանձին տարբերակ։

Թարգմանության հիմնական բնագրի ընտրությունը կապված է լուրջ դժվարության հետ, քանի որ հիշյալ հինգ տարբերակներից և ոչ մեկը չի բավարարել Թումանյանին ու վերջնական համարվել չի կարող, իսկ գ, դ, և տարբերակներում կան մի շարք անավարտ տողեր։ Թումանյանի երկերի առաջին գիտական հրատարակության մեջ (ԵԺ II, 204—205) հիմք է ընդունվել տպագիր տեքստը՝ նրա վրա կատարված ձեռագիր ուղղումներով (գ խմբագրություն), ընդ որում առանձին դեպքերում բնագրի մեջ ներմուծվել են նաև մյուս տարբերակներից քաղված տողեր ու բառեր, որոնք կազմողներին թվացել են նախընտրելի։ Տեքստի պատրաստման այս սուբյեկտիվ եղանակը ընդունելի չէ։