Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեզ հասել է թարգմանության երկու ինքնագիր (ԳԱԹ, ԹՖ, № 170): Ներկա հրատարակության համար հիմք է ընդունվել Ա ինքնագիրը, որն ավելի մշակված է։ Այն գրված է թանաքով, բայց մի քանի տողերի միջև կան նաև մատիտով գրվածներ: Սակայն, քանի որ թանաքով գրված տողերը ջնջված չեն, հիմնական բնագրի համար վերցվել են դրանք, իսկ մատիտագիր տողերը բերվում են տարբերակների բաժնում։ Նույն բաժնում տրվում է նաև Բ ինքնագրի (մատիտագիր) ամբողջական պատկերը՝ նրա վրա կատարված բոլոր ուղղումներով ու փոփոխություններով։


ՍԵՎԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՆՖՐԵԴ

(Էջ 197)

Բայրոնի «Մանֆրեդ» սիմվոլիկ֊փիլիսոփայական դրամայի (1816—1817) թարգմանության փորձը Թումանյանը կատարել է 1890-ական թթ. կեսերին։ «Շիլիոնի կալանավորը» պոեմի, «Չայլդ Հարոլդի» հատվածների թարգմանությանը զուգընթաց (կամ նրանից անմիջապես հետո) հայ բանաստեղծը հետաքրքրվել է նաև Բայրոնի այս դրամայով, որը նրա անհատապաշտության, ամբողջ երկրային և տիեզերական կարգի դեմ միայնակ ապստամբական ոգու բարձրագույն արտահայտությունն է։ Սակայն պետք է ենթադրել, որ հենց դրամայի այդ ծայրահեղ ռոմանտիկական բնույթն էլ ի վերջո հետ է պահել Թումանյանին ոչ միայն շարունակությունը թարգմանելու, այլև այս հատվածը մշակելու և տպագրելու գաղափարից։

Թարգմանությունն ընդգրկում է միայն ստեղծագործության սկիզբը (ընդամենը 120 տող), գրված է վեց էջի վրա թանաքով, ունի մեծ մասամբ մատիտով կատարված բազմաթիվ ուղղումներ (տե՛ս ԳԱԹ, ԹՖ, № 152)։ Դատելով ինքնագրից, նրա մեջ մի քանի ռուսերեն բառերի առկայությունից, Թումանյանը, բացի տողացիից, հետևել է նաև դրամայի ռուսերեն թարգմանությանը։

«Մանֆրեդի» հատվածի թարգմանությունն առաջին անգամ տպագրվել է Թումանյանի երկերի առաջին գիտական հրատարակության մեջ՝ 1940 թ. (ԵԺ II, 276—281):

Ներկա տպագրությունը կատարվում է ինքնագրից, որի հիման վրա մտցվել են մի շարք ուղղումներ։ Նկատի ունենալով թարգմանության սևագիր և անկատար բնույթը, տողերի փոփոխակները տրվում են ոչ թե առանձին, տարբերակների բաժնում, այլ հիմնական բնագրի հետ միասին՝ տողատակին։ Դրանով ի մի հավաքված երևում է թարգմանության վրա կատարված աշխատանքի պատկերը, որը, սակայն, իր ավարտին չի հասցվել: