Դատարկ փողոցով, բարձըր հազալով,
Ինքը իրեն հետ մենակ խոսելով,
Թըրը՜խկ հա չըրը՛խկ, գիշերվա մըթնում 190
Մարտիրոս ախպերն իր տունն է գընում։
Եվ ուշ գիշերով հասնում է նա տուն։
Ճըրագը վառ է, «նըրանք» էլ զարթուն,
Աղմըկում են դեռ կողքի սենյակում,
Էն նոր դուրս եկած երգերն են երգում։
Պառավն էլ անքուն իրեն է մընում,
Ձեռները ծոցին դուրս ու տուն անում,
Ու մարդը շեմքից մըտած-չըմտած՝
Դիմացն է գալիս հանգած ու հատած։
— Բա՛ գիտե՞ս, ա՛յ մարդ, ի՜նչ իմացա ես, 200
Գիտե՞ս ինչիցն է մաշվում երեխես,—
Սիրո՜ւմ է մեկին…
— Վա՜յ քու կարճ խելքին…
Ի՜նչ սիրահարված, բա՜ն գիտես իսկի.—
Ազգի համար է միտք անում, ազգի՜.
Ուրիշի համար, խեղճերի համար…
Ի՜նչ սիրահարված, կարճամիտ հիմա՛ր,
Ի՞նչ ես հասկանում՝ ինչ կա աշխարհքում.
Ականջըդ մի բաց, տես ինչ են երգում…
(Տղերքը երգում են)
Սև սարերի ետև նըրանք 210
Տառապում են խավարում,
Լույս են ուզում ու ազատ կյանք
Աստծու ազատ աշխարհում։
Կանցնենք թափով
Սարերն ամպոտ,
Կերթանք խրմբով
Մենք նըրանց մոտ։