Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։
Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։
Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։
Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․
— Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի․․․
Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը,
142