Այս էջը հաստատված է
Մեր մժղուկի սիրտն ահ ընկավ, ու մյուս նորելուկների հետ միասին մտավ ճահճի խոտերի արանքը, տապ արավ։
Բայց էստեղ էլ ուրիշ փորձանք։ Երեք մժղուկի ձուկը կերավ, երկուսին էլ գորտը տարավ։
— Էսպես էլ բա՜ն կլինի․․․— զարմացած մնացել էր մեր մժղուկը։— Մի՞թե կարելի է ապրել էսպես։
Գիշերն ընկավ, մութը վրա հասավ, ու բոլոր մժղուկները մտան եղեգնուտի տաք տեղերը, թաք կացան։
Վերև երկինքը լցվեց աստղերով, լուսինն Էլ ծագեց, ու միասին ցոլացին ջրի մեջ։
Էնպես սիրո՜ւն էր։
— Ա՜խ, իմ լուսնյա՜կը, իմ աստղերը․․․— շշնջում էր մժղուկը, բայց ահից էնպես կամաց էր շշնջում, որ ոչ ոք չլսի։
— Ա՜խ, իմ աստղե՜րը․․․— շշնջաց կամաց ու քնեց։