Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։
Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Բայց Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Ինչքան տվի, ինչ արի-չարի տեղիցը ժաժ չեկավ, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի սկսեցի զարկել մտրակով ու ոտներով: Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալի։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ. Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին։
Ես նեղացա.
— Ո՞նց թե, ես իսկի չեմ քշել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ Դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։
Ծառան գլուխը թափ տվեց․
— Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր․․․ մի՞թե չէիք խղճահարվիլ։
Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։
Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածանում, ինչպես էր պնչերով ծանր շունչ քաշում, հևում՝ մացթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած շլինքը համբուրել, ներողություն խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու, երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։