Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


- Մի ժամանակ մի աշխարհքում լինում են, չեն լինում՝ մի քուր ու մի ախպեր են լինում։ Ախպերը պսակվում է, կին է բերում, մի չար ու նախանձոտ կին։

Տանտիկինը էն կողմից բարկանում է․

- Հը՛, սկսեց գլխիցը դուրս տալ։

- Ա՛յ կնիկ, ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ ես խանգարում, թող պատմի,- նեղանում է մարդը։- Պատմի, քույրիկ, դու պատմի․․․

Աղքատ կնիկը շարունակում է իր հեքիաթը․

- Քույրը մի գեղեցիկ ու բարեսիրտ աղջիկ է լինում, ամենքը սիրում են նրան։ Ախպերն էլ ամեն տուն գալով միշտ նրա համար մի բան է բերում՝ կամ ծաղիկ, կամ միրգ, կամ հագուստ և կամ թե չէ՝ մի քաղցր խոսք է ասում։ Նախանձում է չար հարսը, հնարքներ է մտածում, թե ինչպես անի, որ կորցնի գեղեցիկ աղջկանը։

- Հը, դե տեսեք՝ ինչ է ասում է՛ս անզգամը․․․- կրկին մեջ է ընկնում տանտիկինը։

- Ա՛յ կնիկ, ի՞նչ պատահեց քեզ․ թող լսենք, տեսնենք՝ ինչ է ասում։ Դու շարունակի, քույրիկ, սրան ականջ մի դնիլ։

Աղքատը շարունակում է․

- Հնարքներ է մտածում չար հարսը։ Մի օր տան կահկարասին է ջարդում ու դնում անմեղ աղջկա վրա, մյուս օրը մարդու սիրած ձին է բաց թողնում, կորցնում ու մեղադրում քրոջը, տեսնում է՝ բան չի դառնում, վերջը իր երեխին օրորոցի մեջ մորթում է, դանակը դնում քնած աղջկա գրպանը․․․

- Ձենդ կտրի, լիրբ, անզգամ, ո՞վ է իմացել, որ մերն իր երեխին մորթի,- ճչում է տանտիկինը։

- Ի՞նչ ես ընդհատում,- գոռում է մարդը կնոջ վրա։- Թող պատմի, չե՞ս տեսնում՝ ինչ հետաքրքրական բան է պատմում։

Աղքատը շարունակում է․

- Դատաստան են անում, կտրում են անմեղ աղջկա կռները ու էնպես կռնատ հալածում, կորցնում հեռո՜ւ, հեռո՜ւ․․․

Հալածված թափառում է նա անծանոթ անտառներում։

208