ու թագավորի տղեն ապուշ կտրած սպասում են վերջին։ Եվ աղքատ կինը հասնում է վերջին․
- Սոված ու ծարավ թափառում է հալածված մերը իր ոսկեգանգուր երեխի հետ, վերջը աղքատ, տկլոր գալիս է, հասնում էդ քարվանսարայի դուռը․․․ ախպերն ու ամուսինը մեղքանում են, ներս կանչում, խնդրում են, որ մի հեքիաթ ասի իրենց համար․․․
- Վա՜յ,- ուշաթափվում է տանտիկինը։
- Լուսիկ ջա՜ն․․․ մի՞թե դու ես․․- վեր են թռչում թագավորի տղեն ու ընկերը,- Լուսիկ ջա՜ն․․․
- Հա՛, ձեր Լուսիկն եմ ես, ահա իմ ախպերը, ահա իմ ամուսինը, ահա իմ ոսկեգանգուր երեխան և ահա չար հարսը․․․
Լեզվով չի պատմվիլ, թե ինչպես են ուրախանում ամենքը, որ իրար որոնում էին ու գտնում են վերջապես։
Իսկ չար հարսին կապում են կատաղի ձիու պոչից ու բաց են թողնում արձակ դաշտերում։ Որտեղ արյունն է կաթում, էնտեղ փուշ ու տատասկ է դուրս գալի, որտեղ արտասուքն է թափվում, էնտեղ լիճ է գոյանում։ էն լճի խորքում երևում է մի երեխա՝ քնած օրորոցում, դանակը դրած գլխի տակին։ Ասում են՝ երևում է և մի վանք, էն վանքում չոքած է մի կին ու լալիս է, լալիս է, անվերջ լալիս է։