Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 - Դե գնա ինձ համար կո՚ւտ բեր։

Աղվեսը գնում է կալվորի մոտ։

- Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա․ ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա․ կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կալվորի մեղքը գալիս է, մի բուռն կուտ է տալի։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի․ ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի․ ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի․ կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի․ ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի․ խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի․ կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն․ կցում է, կցմցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում։