Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 - Չատի՞, Մատի՞․․․

- Մենք էլ չունենք։

- Բա ի՞նչ անենք․․․

Հերս էլ ունի, բերան չունի։

Էս անբերան դանակը քաշեցինք։ Հադին մորթեց, չկարաց․ Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ես քաշեցի մորթեցի։

Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ, մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ես շալակեցի։ Շալակեցի, գնացինք։

Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը՝ երեք պառավ, երկուսը՝ մեռած, մնի բերնումն էլ շունչ չկա։

- Տղերք,- ասինք,- եկեք բադով փլավ անենք։

Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը՝ ծակ, մինն էլ իսկի տակ չունի։

Զուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։

Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք․ ոչ աչքերս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։