Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ

Լինում է, չի լինում՝ մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում, անունը՝ Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ․
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։


Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի․ լիդրը գզող, լիդրը մանող, հա՛մ խճճող, հա՛մ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի։

Էս գովասանքը գնում, մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է Անբան Հուռնին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ է առնում, տալիս կնկանը, թե՝ ես գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ, տանեմ ծախեմ, հարստանանք։

Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կոկռում են։

226