Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես է պատահել, վախենում է՝ փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում, գլուխ է տալի բզեզին։ Ասում է․

- Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես, ո՛րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում․․․ Ախր քեզ ո՞վ էր ասում՝ էդքան բան անես, որ էդ օրն ընկնես․․․

Փեսեն մնում է զարմացած։ Ասում է․

- Ա՛յ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց, էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորքո՞ւրս որն է․․․

Զոքանչը թե․

- Ա՛յ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ՝ էս բզեզն իմ մորքուրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։

Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի․ էն է լինում որ էն, արգելում է Հուռնին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։