Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Էդ օրը թշնամուց ինչքան կոտորվում է՝ կոտորվում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, հայտնում են իրենց հպատակությունն ու հնազանդությունը։

Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում։ Ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով և կեցցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ, որ Նազարը մնացել էր ապշած, շշկլված։

Էսպես առքով—փառքով էլ բերում, հրատարակում են իրենց թագավոր ու բազմեցնում են թագավորի թախտին։ Քաջ Նազարը դառնում է թագավոր, էն հսկաներից ամեն մեկին էլ մի պաշտոն է տալիս։ Մին էլ տեսնում է՝ աշխարհքը իր բռան մեջ։

Ասում են՝ մինչև էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը։ Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում, ծիծաղում է, ասում է․

— Ի՜նչ քաջություն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար․ դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա․․․

Եվ ասում են՝ մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա։