Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամուսին, ընտրի միայն նրան, որ իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում»։

— Շա՛տ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին,— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քու երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը, ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսները։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել․․․

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։

3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան, իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է․ «Ա՛յ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և՛ կհարստանաս, և՛ գեղեցիկ կին կունենաս։ Եվ ի՜նչպես ոչոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը»։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս