Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։

— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան և աշխարհքով մին է լինում ուրախությունից։ Ուքանա թագավորն էլ շնչի է գալի․ օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան և սկսում, է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ։

Ի՜նչքան լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։